Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հպարտ են և երջանիկ, որ կատարելու են նման հեղինակություն ունեցող փառատոնի բացման համերգը

Հպարտ են և երջանիկ, որ կատարելու են նման հեղինակություն ունեցող փառատոնի բացման համերգը
11.06.2018 | 18:18

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` ժամը 19:00-ին, տեղի կունենա Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը (դիրիժոր` Նեեմե Յարվի, դաշնակահար` Միհկել Պոլլ): Հնչելու են Արամ Խաչատրյանի, Արթուր Լեմբայի և Էդուարդ Տուբինի ստեղծագործությունները:

Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը Հայաստան է այցելել «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում: Համերգը նվիրվում է Էստոնիայի և Հայաստանի հանրապետությունների 100-ամյակին:


«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը 19-րդ տարին սկսում է նման մեծ իրադարձությամբ, ինչպիսին Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի այցն է Հայաստան: «Գրեմմի» մրցանակի արժանացած, 92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը ղեկավարելու համար Ամերիկայից Երևան է ժամանել աշխարհի ամենահայտնի դիրիժորներից մեկը` ծագումով էստոնացի, լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի գլխավոր մենեջեր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

«Երևանյան հեռանկարները» Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի անդամ է, ամեն տարի կլոր սեղանի շուրջ է նստում աշխարհի տասը լավագույն փառատոների հետ, ոչ միայն մասնակցում է, նաև հանդես է գալիս ժամանակակից ու կրեատիվ առաջարկներով,- ասաց «Երևանյան հեռանկարների» հիմնադիր տնօրեն և գեղարվեստակա ղեկավար ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ:- Մենք փառատոնը անցկացնում ենք ողջ տարվա ընթացքում ու դա շատերի համար անսովոր էր, որովհետև փառատոները, որպես կանոն, սկսվում են ու ավարտվում որոշակի օրերի: Սակայն աշխարհի շատ փառատոներ ընդունեցին մեր առաջարկը, հասկացան, որ դա հրաշալի մոդել է, ամբողջ տարին տոն է լինում, հարմար է նաև այն առումով, որ տուրերում կարող են ընդգրկվել մեծ թվով արտիստներ»: Ստեփան Ռոստոմյանը նշեց նաև, որ 21-րդ դարը հայերի դարաշրջանն է, այդ իսկ պատճառով փառատոնը անվանել էին «21-ի հեռանկարներ», հնարավոր է փառատոնի անվան մեջ վերականգնվի «21-ի հեռանկարները»:

Նվագախմբի տնօրեն ՔՐԻՍՏԻԱՆ ՀԱԼԻԿՆ ասաց, որ հպարտ են և երջանիկ, որ նման հեղինակություն ունեցող փառատոնի բացման համերգն են կատարելու. «Այս տարի շատ ենք շրջագայել, եղել ենք ԱՄՆ-ում, Հոնկոնգում, Բեռլինում, բայց հայաստանյան այցը շատ առանձնահատուկ է մեզ համար: Երբեմն երաժիշտները տարբեր պատճառներով չեն ուզում գնալ այս կամ այն երկիր հյուրախաղերի, սա այն բացառիկ շրջագայությունն է, որ ոչ միայն ցանկանում էին, այլև մրցում էին, թե ով պետք է գա: Մենք 30 տարի առաջ ենք եղել Հայաստանում, կան նվագախմբում երաժիշտներ, որ այն ժամանակ նվագում էին, հիմա ևս նվագախմբի անդամ են: Նրանք կարող են պատմել` ինչ են այն ժամանակ տեսել Հայաստանում, ինչն է փոխվել այս տարիներին: Մենք արդեն զգացել ենք ջերմ ընդունելությունը, ու այս ամենն առավել հատուկ է դարձնում մեր այցը»:


ՆԵԵՄԵ ՅԱՐՎԻՆ շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ասաց, որ սիրով է եկել Հայաստան: Նրան ծանոթ են հայ արվեստը, երաժշտությունը, պատմությունը, անսովոր ողբերգությունը, որ կատարվել է հայ ժողովրդի հետ 1915-ին:

Երիտասարդ տարիներին դիրիժորը ներկայացրել է խաչատրյանական երաժշտությունը Էստոնիայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և արտասահմանյան երկրներում: Ավելի ուշ Խաչատրյանի երաժշտությունը կատարել է նրա որդին:

Մաեստրո Յարվին հիշում է հայ կոմպոզիտորների հետ իր հանդիպումները, նաև հայկական երեքաստղանի կոնյակն ու սև հավկիթը:


Նեեմե Յարվին միշտ եղել է էստոնական երաժշտության ամենաակտիվ «առաքյալներից» մեկը: Իր ղեկավարությամբ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը առաջին անգամ հանրության ուշադրությանն է ներկայացնում այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Արվո Պյարտի 1964-ին գրած առաջին և 1971-ին գրված և հենց իրենց նվիրված երրորդ սիմֆոնիաները, ինչպես նաև Էդուարդ Տուբինի` 1967-ին գրված թիվ 8 սիմֆոնիան:
Հայաստանյան համերգի մենակատարը տաղանդավոր էստոնացի դաշնակահար Միհկել Պոլլն է: Արվեստի դոկտորի կոչում ունեցող երաժիշտը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա նաև հանդես է եկել մենահամերգներով`ամենահեղինակավոր համերգասրահներում: Ստացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակները` Իտալիայում, Էստոնիայում և Իսպանիայում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ